ARMENIAN PR
ASSOCIATION
Արմենուհի Մխոյան
Գործադիր կազմի անդամ
ԲԱՐԵւ: Ես Արմենուհին եմ՝ ամեանակոլորիտային, համով ու հոտով քաղաքից, որի ամեն մի քարը պատմություն ունի, ես էլ հպարտությամբ եմ այդ պատմությունը մշակում ու «Մշակութային Հայրաքաղաք»-ում ներկայացնում եմ ընթերցողին՝ չմոռանալով ԳՅՈՒՄՐԵՑԻ վարպետներին ու արհեստավորներին:
…ինչպես կռահեցիք լրագրող եմ /ոլորտում եմ 1995 թվականից՝😉/: 2003 թվականից մինչ օրս ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության Շիրակի մարզի սեփական թղթակիցն եմ: 2015-ին էլ միացել եմ SPUTNIK Արմենիային: Կարծում եք, թե անհամատեղելի ու անիրական է՝ երկու շատ տարբեր գործակալություններ, բայց իմ համար մեկը մյուսին լրացնող, ամեն մեկը յուրահատուկ ու անփոխարինելի՝ մեկը՝ օպերատիվ, մյուսը՝ կրեատիվ:
Սակայն միայն լրատվությունը չէ, որ վաղուց արդեն կենսակերպ է: Դժվար է պատկերացնել, բայց հանրային կապերում եմ 2004 թվականից /Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամ/: Այո՛, այո՛ նույնիսկ շատերդ դեռ չէիք ծնվել: Այդ տարիներին հանրային կապեր ասելով միայն լրատվության հետ աշխատանքն էինք պատկերացնում, ցավոք, այսօր էլ հանրային կապերի շատ մասնագետներ միայն այս գործառույթն են իրականացնում: Այս ընթացում հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը զբաղեցրել եմ տարբեր կառույցներում, իսկ 2018 թվականից Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության հանրային կապերի ու հաղորդակցման պատասխանատուն եմ: Սա այն կառույցն է, որի ամեն մի բջիջ Սիրով ու Սրտացավությամբ է ապրում:
..Եւ եթե ինձ հարցնեք՝ ինչ է պետք լավ հանրային կապեր ունենանալու համար, կպատասխանեմ՝ լրագրողական փորձով՝ նվիրված մասնագետ, ով ունի մեկ քայլ առաջ մտածելու ու արագ գործելու հմտություն:
Ի դեպ, 5 տարի դասավանդել եմ նաև Հառիճի Թրբանճյան ընծայարանում: Այսօր արդեն իմ կենսագրության մեջ մեկ հպարտանալու էջ ևս կա՝ Հայկական PR ասոցիացիայի վարչության անդամ եմ:
Չնայած տարիների փորձին, միշտ պատրաստ եմ սովորել: Շատ եմ սիրում ճանապարհորդել ու հիմնականում ճանապարհորդում եմ վերապատրաստումների ու փորձի փոխանակման համար:
Մասնագիտականից զատ, իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ԸՆՏԱՆԻՔՆ է ու ոչ մի հաջողություն իմ կյանքում չէի ունենա, եթե չլինեին ԻՄՈՆՔ՝ ամուսինս ու երկու զավակներս: Այնպես որ, ամեն մի օր իմ համար լեցուն ու տարբերվող է: Հավելեմ, որ սիրում եմ ջազ ու թունդ սուրճ, իսկ միակ ցանկությունս՝ խաղաղ ու զարգացող ՀԱՅԱՍՏԱՆ: