ARMENIAN PR
ASSOCIATION
Էմմա Հոռոփյան
Գործադիր կազմի անդամ
Ես Էմմա Հոռոփյանն եմ։ Ծնվել և ապրում եմ աշխարհի ամենավարդագույն քաղաք Երևանում։ Սիրում եմ ճանապարհորդել, սեփական աչքով տեսնել և շոշափել հազարամյակների պատմություն ունեցող հուշարձաններ։ Բնույթով ընկերասեր եմ, կենսախինդ և շատ հետաքրքրասեր։ Կարծում եմ մասնագիտական ընտրությունս հենց այդ վերջին հանգամանքով է պայմանավորված։ Երբ միացնում եմ տեսախցիկն ու բարձրախոսը, բոլորը պատասխանում են ինձ հետաքրքրող հարցերին։ Իսկ ինձ հետաքրքրում է մշակույթն իր բոլոր դրսևորումներով՝ դասական երաժշտություն, կինո, թատրոն։ Հատկապես՝ թատրոն։ Կարծում եմ շատերն ինձ արդեն ասոցացնում են իմ հեղինակած «Կուլիսներում» հաղորդաշարի հետ։ Աշխատում եմ հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մշակութային լրագրող։ Համատեղում եմ հաճելին օգտակարի հետ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կյանքը շատ արագ է սլանում։ Հոսքին համընթաց լինելու լավագույն եղանակը անդադար կրթվելն ու կատարելագործվելն է։ Ես այդ ուղին սկսել եմ 2,5 տարեկանում, երբ առաջին անգամ հայտնվեցի «Էրուդիտ» կրթահամալիրում, հետո եղավ դպրոցը, բուհը, բազմաթիվ վարպետության դասեր և, իհարկե, PR դպրոցը։ Այց ցանկն անշուշտ շարունակվելու է։ Այնուամենայնիվ, վստահ եմ՝ ինքնակրթության լավագույն, անվճար և հաճելի տարբերակն ընթերցանությունն է։ Որքան շատ գիրք կարդաք, այնքան ավելի հետաքրքիր, մրցունակ և բանիմաց մասնագետ կլինեք ցանկացած բնագավառում։