Լուսինե Մխիթարյան
Գործադիր կազմի անդամ
բԱրև, ես Լուսինե Մխիթարյանն եմ։ Կարևորում եմ խոսքը, յուրաքանչյուր բառ ինձ համար ունի արժեք, կշիռ, ուրվագիծ եւ պատմություն։ Էությամբ առավելապաշտ եմ, սակայն ինքնակատարելագործվելու անհաս սահմանն ինձ չի տխրեցնում, այլ ընդհակառակը՝ սովորելու և նորը բացահայտելու անսպառ ցանկություն է առաջացնում։ Իմ խորին համոզմամբ, մարդը սկսում է կրթվել ծնված օրվանից եւ այդ ընթացքը երբևէ չպետք է ընդհատվի։ Կյանքը չափազանց հետաքրքիր և բազմաժանր է միայն մեկ ուղղությամբ զարգանալու համար։ Սակայն ինչ ճանապարհ էլ ընտրենք, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը միջանձնային և հանրային որակյալ հաղորդակցությունն է, որի արդյունավետությունից է կախված ցանկացած գործի հաջողություն։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ գերարագ փոփոխվող եւ զարգացող աշխարհում մեծ նշանակություն է ստանում ոչ ֆորմալ կրթության ձեւաչափը։ Կարեւոր մեկնարկ էր ինձ համար Հայկական Փի Ար ասոցիացիայի PR դպրոցում սովորելը՝ դառնալով 10-րդ հոսքի շրջանավարտը։ Հետաքրքրված եմ քաղաքական եւ բիզնես PR-ով։ Կենսագրությանս պաշտոնական մասը սկսվում է մայրաքաղաքից։ Ծնվել եմ Երեւանում, սովորել Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, որն ավելի հայտնի է «փոսի դպրոց» անվամբ։ Ավարտել եմ դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը, սակայն հետագա մասնագիտական ուղին կրել է հումանիտար ուղղվածություն։ Մանկությանս երազանքներից է եղել դառնալ նկարչուհի, պարուհի եւ Շլիմանի նման իմանալ 10 օտար լեզուներ։ Հաճախել եմ ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ Հաճախել եմ պարի խմբակի, ներկայումս էլ շարունակում եմ պարել։ Գերազանցության դիպլոմով ավարտել եմ «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը՝ ստանալով Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների միջազգայնագետի որակավորում։ Չորս տարի աշխատել եմ Հայաստանի ազգային արխիվում որպես առաջին կարգի, առաջատար, իսկ հետո արդեն գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ․ սովորել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թվականից աշխատանքային ուղիս շարունակել եմ լրագրության ոլորտում․ մեկ տարի թղթակցել եմ «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ եմ անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած եմ, ունեմ երկու որդի։